Դեկտեմբերի 26-ին` Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ, որի ընթացքում կատարվեց սարկավագական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Դեկտեմբերի 25-ին` երեկոյան, հատուկ արարողակարգով նախապես տեղի էր ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության տվչության արարողությունը: Գևորգյան հոգևոր ճեմարանի ու քահանայից պատրաստության լսարանի 31 սաներ ստացել էին դպրության, 14-ը` ուրարակրության, իսկ 20-ը` կիսասարկավագության աստիճան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ունի 166 միաբան սարկավագ, իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանում ուսում են առնում 38 սարկավագներ: